ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը անդրադարձել է Հայաստանին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Օ՛Բրայանը, մասնավորապես, ասել է. «Վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է եղել, հասկացրել է, որ ցանկանում է, որ Հայաստանը առաջ գնա սահմանների բացման և Արևմուտքի հետ հարաբերությունների լավացման հարցում, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից․ այնպես, ինչպես նախկին առաջնորդներն էին ձգտում դրան: Նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է շատ խրախուսելի լինեն Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ նրանք ձգտում են շարունակել այնպիսի արագ տնտեսական աճ, որն ունեցել են վերջին մեկ–երկու տարվա ընթացքում:
Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ ձայն է բարձրացրել հանուն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, որը Հայաստանին թույլ կտա կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա։ Այս ամենը մենք շատ կցանկանայինք տեսնել: Այնպես որ, Հայաստանին աջակցող ցանկացած փաթեթ ողջունելի է։ Այն, թե ինչպես ԵՄ-ն կընտրի այնտեղ հասնել, իր գործն է լինելու: Բայց մենք հանձնառու ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ համոզվելու, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից»։